Ըստ տեսչական մարմնի՝ տաքսու վարորդները մեծամասամբ պահում են բոլոր ցուցումները
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ պահում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։
Հիմնական խախտումները կրկին հանրային տրանսպորտում է շարունակում արձանագրվել։
Վաղ առավոտից սկսված վերհասկողական աշխատանքների ընթացքում դիտարկվել է մոտ 5 տասնյակի հասնող տրանսպորտային միջոց։ Արդյունքում ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր։
Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։
Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին