«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը կողմ 22 և դեմ 68 ձայնով չընդունվեց
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել:
Մարուքյանի դիտարկմամբ՝ անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս՝ Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար: Ըստ նրա՝Հայաստան եկող կանոնավոր չվերթները չեն վերականգնվում և դեռ հարց է՝ թե բանակցությունների արդյունքում այդ չվերթները կվերականագնվեն, թե՝ ոչ:
«Բաց տարածքներում դիմակի կրումը անիմաստ է, փակ տարածքներում`խանութ, գրադարան, հանրային տրանսպորտ՝ պարտադիր է: Պետք է պահպանել փակ տարածքներում դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը և հետևել հիգիենայի կանոներին: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արտակարգ դրության ռեժիմի հանման դեպքում չենք կարող ինքնամեկուսացման ռեժիմը պահել, մենք իրավակարգավորում ունենք, որ եթե մարդը գիտի, որ ինքը վարակակիր է և գիտակցաբար վարակում է այլ մարդկանց, պատասխանատվության է ենթարկվում: Հետևաբար, վարակակրին կարելի է ծանուցել, որ վարակակիր եք՝ մեկուսացեք: Ինչքան շուտ հանենք արտակարգ դրությունը, այնքան մեր քաղաքացիները, հայրենակիցները, որոնք ցանկանում են վերադառնալ կամ մեկնել Հանրապետությունից՝ կշահեն, կշահի նաև տնտեսությունը, և մեր երկիրը: Առաջարկում ենք, որ Խորհրդարանը չեղարկի Կառավարության արտակարգ դրության երկարաձգելու որոշումը, որի արդյունքում Կառավարությունը պարտավորված կլինի արագ գալ Խորհրդարան և արագ ընդունել մյուս օրենքները»,- ընդգծեց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այժմ ցուցակագրվում են, թե ՀՀ որքան քաղաքացիներ են իրենց անձնական մեքենաներով ցանկանում Վրաստանից վերադառնալ հայրենիք: Նա կարևորեց, որ երբ Հայաստանի Կառավարությունը Վրաստանի հետ սկսի քննարկումները, հրապարակվի, թե որ ժամին և քանի մեքենա է ուղեկցվելու Հայաստանի Հանրապետություն, կարևոր է նաև, որ հնարավորություն տրվի ՀՀ քաղաքացիների գույքը վերադարձնել Հայաստան: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ։
«Իմ իմանալով, եթե արտակարգ դրությունը չշարունակվեր, ՌԴ-ը ՀՀ-ի հետ կանոնավոր չվերթները վերականգնելու էր: Հիմա ասվում է, որ այնտեղից կարող են գալ, իսկ եթե այստեղից չեն կարող գնալ, այդ ո՞ր ավիաընկերություններն են պատրաստվում գալ Հայաստան և դատարկ ինքնաթիռով գնալ Հայաստանից, հետևաբար համաձայնությունը պետք է լիներ երկկողմանի»,-եզրափակեց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտակարգ դրության չեղարկման նախագիծը՝ կողմ՝ 22 և դեմ՝ 68 ձայնով չընդունվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում