«Ամբողջ Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են մեր ավտոմեքենաները, իսկ Կառավարությունը լռում է»
Այսօր Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ներկայացնելով իրենց խնդիրները։
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հանդիպում են ունեցել փոխվարչապետների հետ.
«Դեռ մեկ ամիս առաջ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել, բայց այսօր մենք խնդրեցինք, որ վարչապետը տեղեկանա՝ մենք պատրաստ ենք Կառավարության հետ քննարկելու այս խնդիրը, որպեսզի հասկանանք մեր Կառավարության դիրքորոշումն այս խնդրի մասին։ Մեր Կառավարությունը լռում է. ամբողջ Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են մեր ավտոմեքենաները»,- նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով, ՀՀ վարչապետը պետք է հարց ուղղի Ռուսաստանին՝ հասկանալու հայերի մեղավորությունը ո՞րն է. «Ի՞նչ եք ուզում... մշտական գրանցում եք ուզում, հաշվառում եք ուզում, կացության կարգավիճակ եք ուզում... այս հարցերը թող մեր Կառավարությունը ուղարկի։ Հարցն այն չէ, որ մենք այնտեղ ունենք կուտակված մեքենաներ և չգիտենք՝ ոնց վաճառել։ Հարցն այն է, որ ամբողջ Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են Հայաստանի մեքենաները։ Այդ նույն քաղաքացիները գալիս ժամանակավոր գրանցվում էին Հայաստանում, որ Վրաստանից մեքենա գնեն։ Այնպես չէ, որ եկել՝ ինձնից են առել։ Գնացել են, ադրբեջանցիներից ու վրացիներից մեքենաներ գնել, 70%-ն իրենք էին, իսկ մյուս 30%-ն էլ մեր ազգաբնակչությունն էր, որ ներգրավվեց այդ բիզնեսի մեջ»։
Ըստ ակցիայի մասնակցի, հունվարից հետո էլ հայ ավտոներկրողների կուտակած մեքենաները պետք է հայաստանցիները մեքենաները վաճառեին ու գումար աշխատեին։
«Բայց տարին անցավ, ու հարցն այն է, որ մենք էվակուատորներով էլ կարող ենք մեքենա ուղարկել, բայց բոյկոտում են։ Հիմա ես չգիտեմ՝ հակահայկական շարժո՞ւմ են սկսել։ Ինչո՞ւ պետք է մեր թշնամիները ծիծաղեն, որ իրենք հարստացան, հենց եկավ վախտը, որ հայ քաղաքացին պետք է մեքենա վաճառի, ամբողջ ԵԱՏՄ-ն դուրս եկավ հայերի դեմ»,- շեշտեց Տիգրան Հովհաննիսյանը։
Նշենք, որ տարբեր տվյալների համաձայն՝ 60 հազարից ավելի ներկրված մեքենա ՀՀ-ն չի կարողանու վաճառել։