30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը. «Հայք»
«Հայք» ազգայնական շարժումը ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Անկախության հռչակագրի վերականգնում։
Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ իրենց պահանջի մասին բազմիցս իրազեկել են Կառավարությանը։
«Այսօր ևս եկել ենք, որպեսզի ԱԺ-ի շենքի դիմաց մեր բողոքի ձայնը հնչեցնենք։ Քանի որ մենք իրականացնում ենք իրազեկման աշխատանք, այլ ոչ՝ հակաիշխանական ակցիա, մենք ցանկություն ունենք պաստառը կախենք ԱԺ դարպասների վրա»,- նշեց ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը։
Ի պատասխան ակցիայի մասնակիցների ցանկության՝ ոստիկաններն ասացին, որ նման իրավունք չկա, և պաստառները չեն կարող փակցվել ԱԺ դարպասներին։
Արձագանքելով ոստիկանների արգելքին՝ ակցիայի մասնակիցները հետաքրքրվեցին՝ իսկ ի՞նչ հիմքով է նման արգելք սահմանվում։
«Եթե դուք հիմնավորեք, թե ինչու է արգելվում իրազեկում իրականացնել ՀՀ-ում, եթե ասեք, թե ո՞ր օրենքի հիմքով չենք կարող պաստառները փակցնել, ապա մենք չենք փակցնի։ Նաև խնդրում եմ ԱԺ աշխատակազմից մարդ հրավիրեք, որպեսզի նա հիմնավորի, թե ինչու չենք կարող մեր մատնանշած ձևով ակցիա իրականացնել։ Ես ոնց հասկացա, դուք չեք կարողանում հիմնավորում տալ, զանգում եք, որ ձեզ պատասխանն ասեն, թե ինչու չի կարելի, որ դուք էլ մեզ ասեք»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հրայր Կոստանյանը նշեց, որ իրավապահ մարմինների լիազորությունների մեջ է մտնում նաև արգելքը միանգամից հիմնավորելը. «Եթե տեղյակ չեք, ինչո՞ւ եք ասում՝ չի կարելի։ Ֆիքսեք, որ մեր իրավապահ մարմինները չեն կարողանում հիմնավորել՝ ինչու չի կարելի իրազեկման պաստառը փակցնել ԱԺ դարպասներին։ Ես ասեմ, որ սա հանրային նշանակություն ունեցող պաստառ է, ինչը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ում բնակվող հայությանը, այլ համայն հայությանը։ Որովհետև անկախ և ինքնիշխան պետություն նշանակում է անկախ և ինքնիշխան ազգ։ Իսկ մեզ արգելում են իրազեկել՝ մարդիկ իմանան, որ օգոստոսի 23-ին լրանում է ՀՀ անկախության հռչակագրի 30 ամյակը։ Բազմիցս իրազեկել ենք Կառավարությանը, հայտարարել ենք, փորձել ենք այս պաստառը կախել, բայց քանի որ ԱԱԾ-ն գտնվում է արտաքին ազդեցության ներքո, այսինքն՝ ԱԱԾ աշխատակիցները արտաքին ազդեցության գործակալներ են, նրանք պատռում և ոտնատակ են տալիս այս պաստառը»։
Նշենք, որ պաստառի վրա գրված է «Անկախության հռչակագիր. 30», իսկ պաստառի ներքևի հատվածում նշված է՝ «Հայք» ազգայնական շարժում։
Վերջին գրառման հիմնավորումն, ըստ ակցիայի մասնակիցների, այն է, որ իրենք են ստեղծել պաստառը և իրենք են վճարել դրա համար. «Իսկ ով վճարում է, նա էլ երաժշտությունը պատվիրում է։ Եթե որևէ մեկը դեմ է «Հայք ազգայնական շարժում» գրառմանը, ապա թող ինքը նոր պաստառ ստեղծի և հասարակությանն իրազեկի»։
Հրայր Կոստանյանի խոսքով, ամբողջ քաղաքական դաշտը լռում է, որ օգոստոսի 23-ին լրանալու է անկախության հռչակագրի 30 ամյակը։ Նրանք նշում են, որ 30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը։
«Մենք պահանջում ենք, որ այն վերականգնվի, և մենք վերադառնանք անկախության հռչակագրով ամրագրված բոլոր կետերին, ավելին՝ գործընթաց սկսենք հայրենադարձությանն ուղղված։ Որքան շատ հայ վերադառնա Հայաստան, այնքան շատ պահանջատեր քաղաքացի կլինի, և այնքան հեշտ կլինի անկախությունն ու ինքնիշխանությունը վերականգնել։ Իսկ հիմա մենք հայտնվել ենք գաղութային կարգավիճակում»,- ասաց Հրայր Կոստանյանը։
Եվ քանի որ ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ այգի, և ոչ էլ պաստառը փակցնել ԱԺ դարպասին, նրանք որոշեցին գնալ, իրենց բնորոշմամբ «Լոնդոնի դեսպան» Արմեն Սարգսյանի մոտ՝ հասկանալու, թե ինչու է նա լռում և ինչու չի խոսում անկախության հռչակագրի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին