Ռուբեն Մելիքյան. Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա. ուղղեք
Երեք օրից կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը։ Լուրջ հոբելյան է, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Աշխարհին և ինքներս մեզ հղված այդ ուղերձն այսօր նորից վերընթերցեցի և երեք բան հայտնաբերեցի, որ առաջ չէի նկատել։
1) Հռչակագիրը թերևս միակ իրավական փաստաթուղթն է Հայաստանի երկրորդ և երրորդ Հանրապետություններում, որ օգտագործում է «Արևմտյան Հայաստան» տերմինը։
2) Հռչակագիրն ամրագրում է «օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն» ապահովելու հանձնառությունը, մինչդեռ իշխանությունների երեք ճյուղերը պարզապես չեն կարող իրավահավասար լինել - տեսությունը խոսում է բաժանման, տարանջատման, հավասարակշռման, փոխադարձ հարգանքի մասին, բայց ոչ՝ իրավահավասարության։ Փաստորեն՝ այս կարևորագույն իրավական սկզբունքի ընկալման հետ խնդիրները եղել են ի սկզբանե։
3) «Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»։ Հետաքրքիր էր ոսկու և արտարժույթի կողքին ալմաստի հիշատակումը։
ՀԳ. Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա։ Ուղղեք»,- գրել է նա։