Նիկոլ Փաշինյանի անձնական համաձայնությամբ են Երևանում գովազդային ցուցանակները տեղադրվում. Տեր-Նակալյան
«Մենք գտնում ենք, որ թե´ ԿԳՄՍ-ի, թե´ առողջապահության նախարարության պարագայում, ինչքան էլ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը գերատեսչությունների ղեկավաներն են, նրանց հետ առնվազն հավասարապես պատասխանատվությունը կիսում է կառավարության ղեկավարը, Նիկոլ Փաշինյանը»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրա խոսքով, վարչապետը հրապարակավ և ոչ հրապարակավ զորակցել է այդ նախարարներին և թույլ տվել նրանց անել այն, ինչն առաջացնում է հասարակության դժգոհությունը, որոնք են տարատեսակ կոնվենցիաների ներդնումը, կորոնավիրուսից 1000-ից ավելի մահը, «Հայ» բառի աքսորումը կրթական ծրագրերից:
«Հայաստանում չկա հոգեկան առողջ և ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որը կմտածի, որ այս կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում՝ Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր»,- հայտնեց բանախոսը և հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ են կայացվում նույնիսկ ոչ կարևոր որոշումները:
Կոնստանտին Տեր-Նակալյանը որպես փաստարկ բերեց իր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունն այն մասին, որ Երևանում գովազդային ցուցանակների վրա գովազդ տեղադրելու համար, եթե այդ ցուցանակի վրա կա քաղաքական ենթատեքստ, ապա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անձնական համաձայնությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման:
«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամի խոսքով, նեգատիվ գործողությունները հետևանք են ոչ այնքան չարամիտ դիտավորության, ինչքան հանցավոր անփութության, ապաշնորհության. անգրագիտության: Քանի որ շատ դեպքերում չեն գիտակցում և զբաղված են ինքնագովազդով:
Տեր-Նակալյանը ադեկվադ չհամարեց, որ Առողջապահության նախարարը համաճարակի այս պայմաններում արձակուրդ է գնում և ժպտերես նկարներ է հրապարակում:
Վերջինս անտրամաբանական համարեց նաև պարետի այն որոշումն, ըստ որի, վարչապետը և մյուս պաշտոնյաները որոշ միջոցառումների ժամանակ կարող են չկրել դիմակ, իսկ մյուսները պետք է կրեն: Ըստ նրա, եթե դիմակն իրոք վիրուսի տարածման դեմ է, ապա բոլոր վայրերում էլ այն պետք է բոլորը կրեն:
«Դիմակների պարտադրումը մի օգուտ է բերում տուգանքների տեսքով, իսկ կառավարությանը քեշ փող պետք լինելու է ու արդեն պետք է»,- հայտնեց բանախոսը և հավելեց, որ ոստիկանները չարագործների կույտ չեն, այլ նրանց առաջ հստակ պլան է դրված՝ գնալ տուգանել, քանի որ տարվա վերջում հնարավոր է լինի պետական աշխատողների և կենսաթոշակների վճարման խնդիր:
Կոնստանտին Տեր-Նակալյանը դրական գնահատեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ասուլիսները, որոնցով հնարավոր կլինի կեղծ միֆերը փարատել և իշխանությունների առաջադրած կեղծ օրակարգերի փլուզմանը մասնակցել:
Նրա խոսքով, նախկին նախագահները կարող են ուրվագծել ինչպես խնդրիներն, այնպես էլ դրանցից դուրս գալու ճանապարհները:
«Այս փոսից դուրս գալու միակ ճանապարհը լայն կոնսոլիդացիան է և ես հույս ունեմ, որ մենք մի օր կտեսնենք, որ նաև 2-րդ և 3-րդ նախագահները թիկունք-թիկունքի տված իրենց լուման կունենան փակուղուց դուրս գալու գործընթացում»,- հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը և կանխատեսեց, որ ներիշխանական հակասությունները սրանում են, ավելանում են հասարական բողոքի ակցիաներ և նույնիսկ վարչապետին օժանդակող արտաքին ուժերն են հետ քաշվում: