«Ժողովուրդ». Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի վարչապետ դառնալու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն ևս նման հեռանկար չի տեսել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որևէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, և այն ինքնանպատակ չէ:
Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք, վարչապետի հարց չկա օրակարգում»: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձևաչափով, առավելևս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձևաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն և հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին:
Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով և ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին:
Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձևաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը և Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝ Արա Սահակյանը և Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ