Քանի՞ օրում դուք կկարողանաք քարշակ ճարել, որ տեխզննում չանցած ծանր մեքենան տեղից շարժվի. Դալլաքյան
«Կոնկրետ պետք է հասկանանք, թե կատալիզատորի պահն, օրինակ, ինչ պիտի լինի։ Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ վեց ամիսը մեկ բոլորը մեքենաների կատալիզատորները պետք է փոխեն, շատ լուրջ բեռ է առաջանում»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ անդրադառնալով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նրա խոսքով, աշխարհում երկրների 60%-ում մեքենայի տեխզննում գոյություն չունի, որտեղ էլ գոյություն ունի՝ առանց կատալիզատորի տեխզննում չկա։
«Կամ տեսեք, մենք 40-41 կայան ունենք, որոնցից ամենաշատը 35-ն է գործում։ Եվ ծանր մեքենաների դեպքում խնդիրը դժվար կլինի, քանի որ ծանր մեքենաների չնչին մասի համար կա քարշակ, հիմա օրենքի կարգավորում ենք բերել, որ եթե խոշոր մեքենան մտավ երկիր և այս երկու կետով՝ կատալիզատորի կամ տեխզննան խնդիր ունի, չի կարող երթևեկել։ Բայց քանի՞ օրում դուք կկարողանաք քարշակ ճարել, որ տեխզննում չանցած ծանր մեքենան տեղից շարժվի։ Այսինքն՝ այս նախագիծը շատ կարգավորման կետեր ունի, և պետք է օրենքը հետ կանչեք ու նորից լուրջ նայեք։ Ես չէի ուզի, որ տեղխզննման հարցին այսքան մատների արանքով նայենք, դա ամենակարևոր բանն է այսօրվա երթևեկության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի, նախատեսվում է փոփոխություններ կատարել տեխզննման կարգում։ Սահմանվելու է, որ նոր մեքենաները գործածվելուց 4 տարի հետո և միայն երկու տարին մեկ պետք է անցնեն տեխնիկական զննություն, իսկ 10 տարի հետո՝ ամեն տարի։ Օրենքի ընդունումից հետո տեխզննումը կլինի պարտադիր։ Պետք է լինելու գնալ կայան, անցնել ստուգում, որը կլինի ավտոմատացված և բավականին ընդլայնված։ Ընդ որում ստուգվող բոլոր պարամետրերն առցանց երևալու են, ինչը թույլ կտա խուսափել ոչ ստույգ ստուգումներից և բացառել տարբեր կայաններում տեխզննումը կրկին անցնելու հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տեխզննություն իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
- Տեխզննության կայանների կողմից կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն 2մլրդ-ից ավելի վնաս է պատճառվել