ԲՀԿ-ն հանրահավաք անելու ռեսուրս ունի և ամեն ինչ արվում է դա կանխարգելելու համար. Քաղտեխնոլոգ
«Իշխանությունը փորձում է ճնշում գործադրել տվյալ դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, որպեսզի ԲՀԿ-ն հրաժարվի այսօրվա մարտավարությունից»,- ասուլիսում ասաց քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, բոլորը շատ լավ հասկանում են, որ ԲՀԿ-ն մեծ հանրահավաք անելու ռեսուրս ունի և ամեն ինչ արվում է դա կանխարգելելու համար, այդ թվում նաև ԱԺ-ում:
«Տեսնում եք, որ առաջին դեմքերի մակարդակով, մարդկանց միջոցով, որոնք իրենց հռչում են հեղափոխության առաջնորդներ, բավականին լուրջ մեղադրանքներ, կոմպրոմատներ, շատ թափանցիկ ակնարկներ են արվում: Բնականաբար, պատասխան լինելու է: Տեսանք, որ եղավ»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նրա կարծիքով, այդ հանրահավաքը կլինի համատեղ, այսինքն՝ նախաձեռնողը կլինի ԲՀԿ-ն, բայց առնվազն այն երկու ուժերը, որոնց հետ արդեն ամիսներ շարունակ համագործակցում են՝ հայտարարությունների, գործողությունների մակարդակով, լինելու են, հնարավոր է նաև այլ ուժեր էլ, որոնք հիմա հարթակում չեն:
Ասուլիսին ներկա «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, ճգնաժամի պայմաններում ճիշտ կլիներ երկրի առաջին և երկրորդ քաղաքական ուժերը միասնաբար հանդես գային, ծրագրեր մշակեին՝ տարաձայնություններ մի կողմ թողնել: Ըստ նրա, այդ միավորումը չկա նաև իշխանության վարած քաղաքականության պատճառով, որոնք բաժանում են՝ «մերոնքականի և ձերնոքականի»:
Ա.Ղուկասյանի խոսքով, 2,5 տարի է իշխանությունները փորձում են որպես իրենց ընդդիմություն ներկայացնեն նախկին իշխանություններին ու դրանց ներկայացուցիչներին, ինչը նրանց ձեռք է տալիս:
«Իշխանությանը ձեռք չի տալիս, որ մեր երկրում բնական ձևով զարգանան գործընթացները, անընդհատ արհեստականություն է մտցվում: Այնպիսի օրակարգ են մտցրել, որ հիմա էլ ԲՀԿ-ն է խանգարում, բայց այն կուտակված խնդիրները, որոնք պետք է լուծում ստանային այս 2,5 տարում, ինչի համար մարդիկ դուրս էին եկել 2018-ին, դեռ կուտակված են»,- ասաց Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ում առողջ մթնոլորտ է, վերադասավորումներ չեն սպասվում. Աբովյան
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում
- Ե՞րբ է «ԲՀԿ»-ն պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
- Մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան