Եվրամիությունը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում:
Հայտնի է, որ այս հարցը հանձնվել էր համաեվրոպական ասոցիացիայի անդամ պետությունների ղեկավարների իրավասությանը:
ԵՄ-ն օգոստոսի վերջին պաշտոնապես հայտարարեց Բելառուսի ներկայիս իշխանությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու ծրագրերի մասին` օգոստոսի 9-ին ընտրություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակի պատճառով:
«ՌԻԱ նովոստի»-ն, վկայակոչելով Եվրամիության իր աղբյուրը, ավելի վաղ հայտնել էր, որ Բելառուսի համար նախատեսված պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 40 մարդ, սակայն մանրամասները դեռ քննարկվում են:
Այնուհետև հայտարարվեց, որ Մինսկի նկատմամբ սահմանափակումներ կարող են մտցվել այս շաբաթ:
Իր հերթին, «Bloomberg»-ը հաղորդել էր, որ Եվրամիության կողմից պաշտոնական Մինսկի նկատմամբ սահմանափակումների ընդունումն արգելափակում է Կիպրոսը` իր համաձայնությունը կապելով կղզու տնտեսական գոտում հորատում իրականացնելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետ:
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունում «ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հերքել է այս տեղեկությունը: