ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին թունավոր փաթեթ ուղարկելու մեջ կասկածվող կնոջը
ԱՄՆ-ում մի կնոջ են ձերբակալել, որը կասկածվում է ռիցին թունավոր նյութով փաթեթը Սպիտակ տուն ուղարկելու մեջ: CNN-ի տարածած տեղեկատվությունը փոխանցել է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հեռուստաընկերությանը հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, կինը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի սահմանային անցումում՝ Կանադայից ԱՄՆ մուտք գործելու փորձ կատարելիս:
Աղբյուրի հավաստիացմամբ՝ կնոջ մոտ զենք է եղել:
Նա պարզաբանեց, որ կասկածյալը ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների կողմից, և Վաշինգտոնի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել նրա դեմ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով ուղարկված փաթեթը հայտնաբերվել էր այս շաբաթվա սկզբին: Լրատվամիջոցների հաղորդմամբ, փորձագետները վերլուծել են նրա մեջ եղած նյութը և հաստատել, որ խոսքը գնում է ռիցինի մասին: Այս թույնով թունավորումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել մահվան: