Էս ո՞նց եք աշխատում. Գորգիսյանը՝ փոխնախարարին
«Եթե մենք չունենք կոնկրետ կարիքավոր անձանց ցուցակ, ինչպե՞ս պետք է իրագործենք այս նախագիծը։ Եվ բացի այդ, եթե օրենքը 2021 թվականի հունվարին ուժի մեջ մտնի, շենքային պայմաններն արդյո՞ք հնարավորություն են տալու, որ այդ մեկ պատուհանի սկզբունքը գործի»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանին։
Հիշեցնենք, որ վերջինս խորհրդարանին էր ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ Կառավարությունն առաջարկում է սոցիալական ծառայություն մատուցող կառույցի՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի ստեղծումը հետաձգել մինչև 2021 թվականի հունվարի մեկը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Աննա Ժամակոչյանը նշեց, որ հենց այս ծրագրով իրականացվում է վերոնշյալ խնդիրների լուծումը.
«Մեկ ընդհանուր սոցիալական ծառայությունների համալիր մարմին ենք ստեղծում, և այս բարեփոխման շրջանակում իրականացնում ենք տարածքային մարմինների հիմնանորոգում, և ժամանակացույցի համաձայն, ունենալու ենք 49 վերանորոգված տարածքներ, որտեղ գործելու են նոր մարմինները»։
Արձագանքելով, Սրբուհի Գրիգորյանը հիշեցրեց, որ տարվա ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, արդյո՞ք Կառավարությունը կհասցնի վերանորոգել և պատրաստել տարածքները, որպեսզի ծառայությունը նորմալ աշխատի։
Ի պատասխան, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը նշեց, որ արդեն իսկ կան 24 վերանորոգված տարածքներ, և միայն այս տարի 9 տարածքային մարմնի բացում է իրականացվելու, թեև դրանք դեռ կգործեն հին կառուցվածքով.
«Սակայն արդեն հունվարի 1-ից դրանք կգոծեն նոր գործառույթներով։ Ինչ վերաբերում է մնացյալ տարածքային մարմիններին, ապա դրանք առաջիկա երկու տարվա ընթացքում կլինեն։ Իսկ մինչ այդ վարձակալության սկզբունքով կվերցնենք տարածքներ՝ գիտենք որտեղ ու ինչպես»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ ընդունված է եղել օրենք, որը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 23-ից, ու հիմա Կառավարությունը բերել է այն հետաձգելու նախագիծ, ընդամենը օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ, և ուզում է, որ 24-ժամյա ռեժիմով այն ընդունվի. «Ինձ հետաքրքրում է այն հրատապության պատճառը, ինչո՞ւ են խնդիրներ ի հայտ եղել, և ո՞րն է երաշխիքը, որ մենք դեկտեմբերի 30-ին այս խնդրի առաջ չենք կանգնելու»։
Պատասխանելով հարցին՝ Աննա Ժամակոչյանը նշեց, որ իրենց գերնպատակն է սոցիալական ծառայությունների անխափան տրամադրումը։
«Մենք իրավունք չունենք այնպես գնալ բարեփոխման, որ մեկ օր ուշացմամբ մարդկանց տրամադրվեն ծառայությունները։ Այսօր առկա են 85246 ընտանիք և ավելի քան 350 հազար այլ շահառուներ, որոնք օգտվում են սոցիալական ծառայություններից։ Խնդիրն այն է, որ բացի COVID-19-ի հանգամանքից, մենք նաև քննարկումների արդյունքում հասկացանք, որ մեզ հարկավոր է շատ ավելի մեծ փոփոխությունների իրականացում»,- նշեց նա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հարցրեց, թե ինչո՞ւ նախորդ քառօրյային չի բերվել օրենքի նախագիծը. «Էս ո՞նց եք աշխատում»։
Ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասաց, որ պարզապես ընթացակարգն է հանգեցրել այսպիսի որոշման։
Հարակից հրապարակումներ`
- Գերատեսչությունների գլխավոր քարտուղարների մրցույթները, չէի ասի, թե արդար են անցնում. Էդմոն Մարուքյան