Սամվել Ալեքսանյանի ինքնակամ շինությունը կքանդեն
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Դատական տեղեկատվական համակարգի համաձայն, հայցի պահանջն է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի սեպտեմբերի 16-ի թիվ 2898-Ա որոշումը:
Գործով նախագահող դատավորն է Ռուզաննա Ազրոյանը: Հայցադիմումը ստացվել է սեպտեմբերի 18-ին։
Երևանի քաղաքապետի 2898-Ա որոշումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի Հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող ինքնակամ կառույցները քանդելու, պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու մասին է:
Որոշման մեջ նշված է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երևանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Քննարկումների ժամանակ քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ Երևան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել և չի քննարկվել։
Հիշյալ քննարկումների արդյունքում որոշվել է քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի 05.03.2020թ. հ.19/Ծ-57 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG021352246AM/ և 16.07.2020թ. հ.19/12537 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG015323909AM/: Առաջարկված ժամկետում քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
Ինքնակամ կառույցների հետագա տնօրինման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 04.03.2020թ. հ.18-06/253 տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ քննարկվող ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման շրջանակներում ենթակա չեն օրինականացման, քանի որ պետական սեփականություն հանդիսացող 7,69հա և 1,04հա հողատարածքները ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփողության մասին» N1941-Ա որոշման համաձայն՝ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի նկատմամբ, 05.05.2020 թվականին կազմվել է հ.034038 արձանագրությունը, որի հիման վրա ընդունված՝ 15.05.2000 թվականի հ.Վ-19/5 որոշմամբ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև նշված որոշումն ընդունելուց հետո հողամասի զավթման փաստը շարունակելու և դրա հետևանքները չվերացնելու փաստի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի նկատմամբ, 15.07.2020 թվականին կազմվել է հ.035007 արձանագրությունը, որը նույն օրենսգրքի 256-րդ հոդվածի պահանջների համաձայն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին հետագա ընթացքն ապահովվելու համար։
Քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
...
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։
2.Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում