Արգավանդում տեղադրված հակակարկտային կայանների միջոցով փակվում է Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի ճանապարհը
Արմավիի մարզի Արգավանդ համայնքում 2020 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով տեղադրվել և փորձարկվել է երեք հակակարկտային կայան` երկուսը «Ներսիսյան» կոչվող հանդամասի հարևանությամբ, իսկ մեկը` «Տանձուտի թև» կոչվող հանդամասում:
Մարզպետարանից հայտնում են, որ առաջին երկու հակակարկտային կայանների միջոցով կարկտապաշտպան շղթա կստեղծվի Փշատավան, Ջանֆիդա և Արգավանդ համայնքներում արդեն իսկ գործող հակակարկտային կայանների միջև` փակելով Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի ճանապարհը:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 2 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 3 մլն 600 հազ. դրամ:
Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ