ԱԺ-ն հաստատեց տնտեսության զորահավաքային պլանն օպերատիվ ընդունելուն նպաստող օրինագիծը
«Օրենքի նախագծով առաջարկվում է պաշտպանութան ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ներկայացնելով «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայումս գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը: Նրա խոսքով, օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, որն առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:
Պաշտպանության փոխնախարարը նկատեց, որ այդ գործընթացում իրականացվող կարևոր միջացառումների շարքում էական դեր ունի Հանրապետութան տնտեսության զորահավաքային պլանը:
Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքի ընդունման նախագիծը համարել անհետաձգելի և հանձնաժողովին հայտնեց, որ «Հանրապետության տնտեսության զորահավաքային պլան»-ն արդեն մշակված է և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ:
Նրա խոսքով օրենքի ընդունումից անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ 2015 թվականին Սահմանադրության փոփոխմամբ ստեղծվել էր օրենսդրական բաց: Նրա խոսքով, նախկին Սահմանադրությամբ զորահավաքային պլաններով նախատեսված տարբեր աշխատանքները, պլանները և կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի համանագրերով, մինչդեռ գործող Սահմանադրությամբ այդ հարցերը նրա իրավասություններից դուրս են:
Հանձանժողովը միաձայն հաստատեց օրենքի նախագիծը և այն հրատապ ընդունելու կառավարության առաջարկը: