ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ Ադրբեջանը ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես այսօր ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար