Բիչախչյանը լավ տպավորություն է թողել Հենրիխ Մխիթարյանի վրա
«Առաջին անգամ եմ մարզվում Վահան Բիչախչյանի հետ։ Շատ լավ տպավորություն է թողել, տաղանդավոր ֆուտբոլիստ է, հույս ունեմ՝ իր վրա ավելի շատ կաշխատի ու կկարողանա էլ ավելի բարձր մակարդակով հանդես գալ»,- Լեհաստանի Տիխի քաղաքում ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպումից առաջ հայտարարեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տպավորութուն է թողել Ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված Բիչախչյանը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վրա։
Մխիթարյանը նկատեց՝ հավաքական հրավիրված ֆուտբոլիստը շատ բանի է ունակ, սովորելու ցանկություն ունի։
«Մի քանի անգամ իրեն բացատրել եմ, կանգ չառնի այնտեղ, որտեղ հասել է, որովհետև դեռ շատ անելիք ունի ու կարող է շատ բարձր մակարդակով հանդես գալ, օգուտ տալ թե նրան, թե ազգային հավաքականին»,-ասաց նա։
Հարցը, թե ինչու վերջին տարիներին հավաքական հրավիրված երիտասարդ խաղացողներից գրեթե բոլորին չի հաջողվում ամրապնդվել ազգային հավաքակավում, Մխիթարյանը մի քիչ դժվար որակեց։
«Դրա պատասխանը ես տալ չեմ կարող, ավելի շուտ իրենք կարող են խոսել, թե ինչու իրենց չի հաջողվել ամրապնդվել հավաքականում։ Մենք փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի նրանց օգնենք, մերվեն մեր ընտանիքում ու ունակությունները ցույց տան»,-ասաց հավաքականի ավագը։
Անդրադառնալով գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսիի գլխավորությամբ վերջին օրերին անցկացված մարզումներին, Մխիթարյանն ասաց՝ շատ բան է սովորում նրանից։
«Շատ լավ, ուժեղ մասնագետ է։ Հաճելի մարզումներ ենք անցկացնում, հույս ունեմ՝ նա շատ մեծ օգուտ կտա հավաքականին։ Կարծում եմ՝ նրա գլխավորությամբ հավաքականը կատարալեգործվել ու մեկ քայլ առաջ գնալ»,-ասաց նա։
Մխիթարյանն ընդգծեց՝ կանեն առավելագույնը՝ հաղթելու ու հավաքականի դիրքը բարելավելու համար։
«Վերլուծել ենք Վրաստանի խաղը, վերջին մի քանի խաղերը լավ են հանդես եկել, բայց կփորձենք նրանց անակնկալի բերել ու հաջողության հասնել»,-նշեց Մխիթարյանը։