Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
Հայկական գորգի ազգային կենտրոնը կազմակերպում է իր հավաքածուի գորգերից խորհրդանշական վաճառք։ Վաճառված գորգերի հասույթը ամբողջությամբ կուղղվի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին, որն իրականացնելու են արցախցի գորգագործները և ասեղնագործող վարպետները: Այս մասին տեղեկանում ենք Հայկական գորգի ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խոցման մասին խոսքերն առավել քան պարտավորեցնող էին: Սրբազանի թույլտվությամբ Սուրբ Ամենափրկիչը հայկական ձեռագործ նոր գորգ և խորանի վարագույր կունենա, նորից կունենա:
Հաղթելու հրամայականը յուրաքանչյուրիս պարտականություն է ու հաղթելու ենք միասնությամբ՝ բոլոր ճակատներում: Մեկընդմիշտ վերակառուցելու ենք մեր դարավոր վանքերը, շեներն ու քաղաքները»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։։
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն․Վ․Պողոսյան
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն