Պատերազմը փոքրացնում է երազանքները, բայց ոչ երբեք հույսը․ Անի Մինասյան
Մինչև պատերազմը իմ պլաններն ու երազանքները մեծ էին, լայն, խորը, երկարաժամկետ: Այս մասին ասում է Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը, ով հարցազրույց է տվել արաբական հեռուստաընկերությանը՝ խոսելով հակամարտության գոտում ու պատերազմական իրավիճակներում ծնված աղջիկ երեխաների մասին:
«Արաբական՝ ավելի քան 6 մլն լսարան ունեցող Alghad TV-ի, որ թարգմանաբար նշանակում է «Վաղը» հետ, խոսում էինք աղջիկ երեխաների դաստիարակության ու կրթության մասին: Հակամարտության գոտում ու պատերազմական իրավիճակներում ծնված աղջիկ երեխաների մասին:
Հարցնում են. «Եթե դառնայիք նախագահ, ի՞նչ կանեիք»:
«Հուսամ երբեք չեմ դառնա,- նախ սկսեցի, հետո՝ շարունակեցի,- ազգ-բանակը կդարձնեի ապրելակերպ: Իմ երկրի քաղաքացուն կկրթեի որպես զինվոր՝ հենց զենքով կռվող զինվոր, լինի աղջիկ, թե տղա: Ես հաջորդ ամսվանից իմ աշխատավարձի 10%-ը փոխանցելու եմ հիմնադրամին: Եթե ունենայի գործիք ձեռքիս, դա պարտադիր կդարձնեի յուրաքանչյուր քաղաքացու համար»:
Ինձ ասում են ձեզ երևի հենց այդպես են մեծացրել:
Ինձ մեծացրել են բամբակներից դուրս, չնայած կարող էին ավելի շատ բամբակների մեջ պահել, քան հակառակը:
Ես ֆիզիկապես սովոր եմ ամեն դժվարության, ու գուցե հենց իմ հանդեպ՝ տեղ-տեղ կոշտ, տեղ-տեղ կոպիտ դաստիարակության շնորհիվ է, որ ես կարողանում եմ ապրել այս պայմաններում: Ապրել մենակ:
Մենք որպես հասարակություն կրթում ենք մեր աղջիկներին մայրեր դառնալու համար միայն, կարծում եմ:
Դա ամենաբնականն է, որ կարող է լինել. դրան զուգահեռ մենք պիտի ուժեղ լինեք՝ ֆիզիկապես ուժեղ:
Ես հատուկ ակնածանք ունեմ պինդ, ուժեղ աղջիկների հանդեպ:
Վերջում հարցնում են՝ ի՞նչ երազանքներ ունեք:
Պատասխանում եմ.«Մինչև պատերազմը իմ պլաններն ու երազանքները մեծ էին, լայն, խորը, երկարաժամկետ: Հիմա ես երազում եմ տանը քնելու, ողջ մնալու ու աշխատել կարողանալու մասին: Պատերազմը փոքրացնում է երազանքները, բայց ոչ երբեք հույսը»:
Մի մեծ դոկումենտալ ֆիլմ են նկարում՝ շատ կարևոր շեշտադրումներով»,- գրել է Անի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում: