Մենք արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ հռչակած արժեհամակարգին․ Սամսոնյան
«Նամակն ուղարկվել է, սակայն դեռևս գրավոր արձագանք չեմ ստացել, բայց նամակն ուղարկելու նույն օրը մենք տեսանք, որ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը այցելել է արցախցի վիրավոր երեխաներին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով հարցին, որ վերջերս ինքը դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, որպեսզի հավուր պատշաճի անդրադարձ լինի Արցախում կատարվող իրադարձություններին։
Նրա խոսքով, բացի իրենց հղած նամակը, նաև ակցիաներ են լինում, այսինքն՝ հանրության կողմից կա շատ արդարացի ճնշում, և հասկանալի է, թե մարդիկ ինչու են այդ կերպով արձագանքում միջազգային կառույցների պասիվությանը։
«Որպես ՄԱԿ-ի անդամ՝ մեզնից պահանջվում է կատարել մեր միջազգային պարտավորությունները, բայց երբ հարցը հասնում է կազմակերպության պարտավորություններին, այսինքն՝ զինված ընդհարումների գոտում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին շատ արագ ու օպերատիվ արձագանքելուն, պասիվ վարքագիծ է դրսևորվում։ Եվ դա ոչ միայն կարող է բացասաբար ազդել տվյալ կազմակերպության աշխատանքի վրա, այլ կարող է պարզապես հեղինակազրկել այդ կազմակերպությանը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանում գտնվող միջազգային կազմակերպությունները պատճառաբանում են, թե Արցախը չճանաչված պետություն է, և դա է պատճառը, որ իրենք տեղից չեն արձագանքում իրավիճակին, Անի Սամսոնյանն արձագանքեց՝ երեսպաշտություն է բոլոր այն միջազգային կառույցների արձագանքը, թե Արցախը չճանաչված պետություն է, և այդ պատճառով են իրենք սահմանափակված։
«Այն սկզբունքները, որ այդ կառույցներն ընդունել են, սահմաններ չեն ճանաչում։ Դրանք ունիվերսալ սկզբունքներ են, և երկրագնդի վրա ցանկացած տեղ, որտեղ մարդու կյանքին վտանգ է սպառնում, այդ կազմակերպությունները պարտավոր են արձագանքել։ Քանի որ մարդկային կյանքը միայն ճանաչված պետություններում չէ արժեք, այն արժեք է ամբողջ երկրագնդով մեկ։ Հակառակ դեպքում այդ արժեքը որևէ իմաստ չէր ունենա»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի, այժմ միջազգային կառույցների լռությունը կոտրելու համար տարբեր քայլեր են արվում թե՛ օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից, և թե՛ հանրության կողմից.
«Ստացվում է, որ մենք այսօր արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ կողմից հռչակված արժեհամակարգին։ Սա աբսուրդ է»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց
- Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
- Արտ-ինստալյացիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Արցախի
- Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ