Առաջարկվել է նաև արտոնությունը կիրառել նաև անհայտ կորածների համար
«Բացի ներմուծման դեպքերից, պետությանը անհրաժեշտ ապրանքներ նվիրաբերելու դեպքում հարկային արտոնությունը տարածվում է բոլոր դեպերի վրա, անկախ նրանից, թե այդ ապրանքը գնել, պահեստում պահվել է, թե ներքին շուկայից է ձեռք բերել»,- Աժ արտահերթ նիստում հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ելույթ ունենալով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Օրինագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից հումանիտար, ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ բացի Առողջապահության, Արտակարգ իրավիճակների և Պաշտպանության նախարարություններից նվիրատվություն ստացող նախարարությունների շարքում ընդգրկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ ԱԺ-ն առաջարկել է նաև ներառել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
Բաբկեն Թունյանը նկատեց, որ չնայած օրենքով նվիրաբերվող ապրանքների համար են համապատասխան պայմաններ ստեղծվում, բայց կոչ արեց նման ցանկություն ունեցողներին դա անել դրամական միջոցների տեսքով՝ անհրաժեշտ ապրանքները գնելու ընտրությունը թողնելով պետությանը: Վերջինս նաև կոչ արեց դրամական փոխանցումները կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Արման Պողոսյանը ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը՝ հիշեցրեց, որ դրանով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի առանց հարկային հետևանքների ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Նրա խոսքով կառավարությունը իր ներկայացրած նախագծում առաջարկել է նաև արտոնությունը կիրառել նաև անհայտ կորածների համար:
Արման Պողոսյանը շեշտեց, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում որպեսզի բանկերը որոշեն վարկային պարտավորությունները ներեն թե ոչ, իսկ պետությունը չի կարող ստիպել նրանց գնալ պարտադիր ներման: Ըստ փոխնախարարի, այս հանգամանքը ստիպված է շեշտում, քանի որ առաջին ընթերցումից հետո մամուլում արդեն սխալ տեղեկություն է շրջանառվում, որ պետությունը ներում է զոհվածների կամ հաշմանդամների վարկայի պարտավորությունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկեց, որ զոհվածի և վիրավորի հետ փոխկապակցված ՍՊԸ-ի և ԱՁ-ների վարկային պարտավորությունների համար էլ նման արտոնություն սահմանվի, որը սակայն կառավարությունը մերժեց:
Արման Պողոսյանը պնդեց, որ Մելքումյանի առաջարկի դեպքում կարգավորումները տարբեր են, քանի որ հիմնադրի զոհվելու կամ վիրավորվելու պարագայում ինքը կամ հարազատը չի զրկվում եկամուտներ գեներացնելու հնարավորությունից, իսկ եթե հիմնադիրը ֆիզիկական անձ է, ապա ընդհանուր կարգավորումների շրջանակներում կօգտվի ընդունվող օրենքի հնարավորություններից:
ԱԺ-ն երկրորդ ընթերցման և ամբողջությամբ միաձայն ընդունեց երկու օրենքի նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում