Սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք
Պատերազմական գործողությունների սկսվելուց հետո աննախադեպ աճել է պետական համակարգի վրա հարձակումների քանակը, որի շրջանակներում ԱԱԾ-ն մշտապես իրականացրել է ՀՀ պետական տեղեկատվական տիրույթի՝ կիբերհանցագործություններից պաշտապանության աշխատանքներ։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք։ ԱԱԾ-ն այս ընթացքում ապահովել է պաշտոնական կայքերի և պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը։
Անդրադառնալով համացանցում տեղադրված կեղծ հրապարակումներին, Ա. Աբազյանն ասաց, որ սոցցանցերում խուճապային տրամադրությունների տարածելու և մարտական գործողություններին վերաբերող անթույլատրելի գրառումներ, լուսանկարներ և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ գործընթացների շրջանակներում մինչև օրս գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցվել են ՀՀ ոստիկանություն, վերջիններիս հետ համատեղ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել են 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր։
Ա. Աբազյանի խոսքով, ԶՈինված ուժերի գլխավոր շտաբի հետ համագործակցության արդյունքում ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարբերաբար ստացվում են և ԶՈՒ ԳՇ են փոխանցվում հետախուզական, հակահետախուզական, գաղտնի ռեժիմի և զորքերի մարտունակության ու մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ տեղեկություններ, որոնք Գլխավոր շտաբի կողմից օգտագործվում է հետագա գործողություններն առավել արդյունավետ իրականացնելու համար։