Տնօրեն. «Երեմյան Փրոջեքթս»-ի Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին, արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն»,-հայտնել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում «Երեմյան Փրոջեքթս»-ը ներգրավված է «Սնունդ բանակին» ծրագրում:
Դավիթ Երեմյանը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ին Մարտունու ընկերության պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։
Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (06.11.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է: Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում զոհված հերոսի որդի Գրիգորյան Կամոն Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանում խոհարարի օգնական էր աշխատում։
Բարեկամնե՛ր, մեր վիրավորների վիճակն էլ շատ մտահոգիչ է: Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանի խոհարարի օգնական Պետրոսյան Գարիկը պայթյունի հետևանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո է։ Իսկ մեր մյուս թիմակիցը՝ Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երևանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ։
«Երեմյան Փրոջեքթս»-ի սիրելի աշխատակիցներ, մեր թիմում իրական հերոսներ ունենք։ Հերոսներ, որոնց սխրանքներին պետք է փորձենք արժանի լինել։ Մաթևոսյան Անդրանիկն ու իր կինը Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանում են աշխատել։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին նենգաբար հարձակվեց զորամասի վրա, Անդրանիկը վերցրել է զենքը և բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում հիմա գտնվում է Երևանի Էրեբունի հիվանդանոցում։ Առողջություն քեզ, մեր հերոս ընկեր»,-գրել է ընկերության տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին