Նոյեմբերի 2-ից ԱԺ խմբակցություններում կսկսեն «2021թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հաստավել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
Մշտական հանձնաժողովներում քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ին և արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 10-ին:
Մինչև նոյեմբերի 12-ը, ժ. 18.00-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2021թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքները: Այդ ընթացքում պատգամավորները և խմբակցությունները նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ:
Նոյեմբերի 13-ին մինչև ժ. 15.00-ը ԱԺ աշխատակազմը մշտական հանձնաժողովներում նախագծի քննարկումների արդյունքում ձևավորված գրավոր առաջարկությունները կներկայացնի կառավարություն:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: