Փաստաթուղթը չեղարկելու պարզ իրավական ճանապարհ կա, որը մենք դեռ չենք էլ սկսել. Լարիսա Ալավերդյան
Hraparak.am-ը գրում է. «Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 11-ին վիրավոր զինծառայողներին հոսպիտալում այցելության ժամանակ հայտարարել է, որ Բաքուն միջազգային փորձագետներ է հրավիրելու՝ գնահատելու այն նյութական և բարոյական վնասները, որոնք հասցվել են հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող իր տարածքներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը: Իլհամ Ալիևն ասել է, որ միջազգային դատարան է դիմելու եւ փոխհատուցում է պահանջելու հայկական կողմից: Ըստ Ադրբեջանի նախագահի, «ազատագրված» տարածքների շինությունների 99 տոկոսը՝ բնակելի տների, դպրոցների, հիվանդանոցների, մզկիթների, գերեզմանների ու պատմական հուշարձանների, ոչնչացվել է:
Իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահի այս պահանջը հետևանք է մեր սխալ ձեւակերպումների: «Բազմիցս զգուշացրել ենք, որ մենք չպետք է ասենք, որ այդ հողերն անվտանգության գոտի են, եւ հիմա էլ սուս-փուս հանձնենք: Մենք պետք է ապացուցեինք, որ այդ հողերը միջազգային իրավունքի կոռեկտ առումով երբեւիցե չեն պատկանել Ադրբեջանին: Իսկ հիմա, քանի որ Հայաստանը չի ասում՝ դու ես զավթել, այլ ասում է՝ վերադարձնում եմ, նա էլ հարցը դնում է այսպես. քանի որ դրանք օկուպացվել են, ամբողջովին ոչնչացրել են եւ դեգրադացիայի են ենթարկել, փոխհատուցում ենք պահանջում»,- ասաց նա, պատասխանելով մեր հարցերին:
- Այդ դեպքում որքանո՞վ է հեռանկարային այս պահանջը:
- Հեռանկարները չեմ կարող ասել, որովհետև միջազգային իրավունքը ոչ միայն իրավական նորմերի, այլեւ միջազգային հարաբերությունների վրա է հիմնվում, եւ թե դա ինչպես կլինի, որ կողմը ծանր կլինի, դժվար է ասել: Իսկ եթե նայենք թուրքական եւ ադրբեջանական, անունը դնենք՝ դիվանագիտական կողմի ակտիվությունը եւ հայկական կողմի պասիվ, եթե չասենք, նահանջողական կեցվածքն այս տարիների ընթացքում, ապա, իհարկե, մեզ այս առումով սպասվում են դժվար ժամանակներ:
- Տիկին Ալավերդյան, հայտարարություն կոչվող այս փաստաթուղթն իրավական ուժ ունի՞: Իհարկե, գործնական ուժ ունի, եւ արդեն կրակի դադարեցման, խաղաղապահների տեղակայման մասով իրականացվել է:
- Այդ հայտարարությունը կարող է դիտարկվել որպես միջազգային պայմանագիր, քանի որ մեր միջազգային պայմանագրերի մասին օրենքի երկրորդ հոդվածով, բացի նշվածից՝ համաձայնագիր, համաձայնություն, պայմանագիր, նշված է նաեւ հետեւյալը՝ «եւ ցանկացած այլ անվանումով փաստաթուղթ, որը միջազգային պրակտիկայում ունի նախադեպեր»: Հիմա, հայտարարությունն այս ունի նախադեպեր, եւ տարածական մեկնաբանության դեպքում մի կողմից այն կարելի է ընդունել որպես միջազգային պայմանագիր:
- Ո՞րն է այն չեղարկելու տարբերակը, կա՞ այն հետ պտտեցնելու իրավական ճանապարհ:
- Այո, պարզ իրավական ճանապարհ կա, որը մենք դեռ չենք էլ սկսել: Նախագահը երկրի շատ ճիշտ է արել, որ ասել է, որ փաստաթղթի մասին տեղյակ չէի: Տեղյակ չէր ե՛ւ Ազգային ժողովը, իսկ այս դեպքում ցանկացած միջազգային պայմանագիր, որտեղ շոշափվում է Հայաստանի տարածքների հարցը, պարտադիր պետք է անցնի ԱԺ-ով: Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան, եւ հետագայում ինչ որոշում էլ որ ՍԴ-ն կայացնի, նախագահը պետք է իր ստորագրությամբ դա հաստատի: Այս գործընթացը չի եղել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա ստորագրված նյութը դեռ իրավական հետեւանք ունեցող փաստաթուղթ չի կարող համարվել: Բայց մի հնարավորություն փակվեց: «Իմ քայլը», որքան ես հասկացա, ոչ բոլոր պատգամավորների իմացությամբ, հայտարարել է, որ ընդունում է հայտարարության պայմանները: Սակայն մնում է դեռ նախագահի իրավունքը՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ այդ նյութի՝ չեմ ուզում անվանումը տալ, սահմանադրականության հարցը քննարկելու համար: ՍԴ-ն կարող է ընդունել երկու տիպի որոշում: Մեկը՝ որ դա միջազգային պայմանագիր է և չի կարող համարվել ուժի մեջ մտած, որովհետև դեռ պետք է անցնի որոշակի գործընթաց, եւ երկրորդ՝ որ նա չի ընդունում այս փաստաթուղթը դիտարկման, որովհետև չի տեսնում այդտեղ անհրաժեշտ պայմանները: Այս երկու որոշումներն էլ կարող են հիմք ծառայել՝ այդ փաստաթուղթը համարել իրավական հետեւանքներ չունեցող: Բայց այս ամենի համար անհրաժեշտ է նախագահի քաղաքական կամքը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն տարածքների հանձնման հայտարարության սահմանադրականության հարցը կքննի դիմումի առկայություն դեպքում
- Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
- Արմեն Սարգսյան. Որպես ՀՀ նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել