Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Պաշտպանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ:
«Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը, որը հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն և Արցախի երեխաների հաստատության տնօրենի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատության տարածքում տեղակայված կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։
Երեխաները Պաշտպանին տեղեկացրել են, որ հաճախում են համայնքի դպրոց, իսկ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հաստատությունում։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ընթացքում և դրանց արդյունքում ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։ Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:
Նշենք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ոստիկանների՝ դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում
- Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի տարեկան համաժողովին
- Արման Թաթոյան. Վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում