Գուցե խաթրից ելնելով կարող ենք ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում. Դավիթ Խաժակյանը՝ փոխքաղաքապետին
«Եթե ավագանու անդամը սահմանված կարգով գրանցվել է՝ դուք գրաքննության որևէ իրավասություն չունեք, այն չի ունեցել քաղաքապետը, չեն ունեցել նախկին քաղաքապետերը և հիմա ինչ-որ դուք ասում եք, կներք բառիս համար, գուցե խաթրից ելնելով կարող ենք ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ արձագանքելով փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից ավագանու անդամ Արմեն Ներսիյանի ելույթի ընդհատմանը :
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը իր ելույթում փորձեց ասել, որ օրվա նիստը ուրիշ կերպ էր պատկերացնում, որ իրենք կհավաքվեին՝ կմտածեին պատերազմին մասնակցած, զոհված, հիվանդանոցներում և բուժման կարիք ունեցող Երևանի բնակիչների մասին, որը չի արվում:
Փոխքաղաքապետը ընդհատեց ելույթը՝ հիմնավորելով, որ նիստի սկզբում Թեհմինա Վարդանյանին խնդրեց ելութ չունենալ, դրա փոխարեն Ներսիսյանն է ելույթ ունենում, և հորդորեց կարգ ու կանոն պահպանել՝ օրակարգային հարցին չվերաբերող ելույթները թողնելով նիստի վերջին հատվածին :
Պատասխանելով խաժակյանին փոխքաղաքապետը նկատեց, որ խաթրից ելնելով պետք չէ առաջնորդվել:
«Այնուամենայնիվ, երբ որ «Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ էինք կատարում գոյություն ուներ տեղեկանք-հիմնավորում, թե ինչու ելույթների առանձին բաժին պետք է լինի»,- հայտնեց Հրաչյա Սարգսյանը:
Դավիթ Խաժակյանը նկատեց, որ ոչ Երևանի ՏԻՄ օրենքից, ոչ «Կանոնակարգ» օրենքից չի բխում, որ փոխքաղաքապետը կարող է սահմանափակել ավագանու անդամի ելույթի բովանդակությունը՝ անկախ նրանից, թե այն կապված է թեմայի հետ և նրան դուր է գալիս, թե ոչ:
«Հիմնավորումը երբևէ չի կարող համարվել իրավական մասին համարժեք, այն վերաբերել է առանձին ելույթների հնարավորությանը»,-արձագանքեց Խաժակյանը:
«Հարգելիներս, հիմա չեմ ուզում մեծ պաթետիկ բաներից խոսեմ, բայց մեր խնդիրներից մեկն, ըստ իմ ընկալման, այն է, որ ամեն մեկը իր տեղում իրեն տրված պատասխանատվության շրջանակներում ժամանակին պետք է կատարի իր գործառույթները»,-բանավեճն ավարտեց փոխքաղաքապետը:
«Ելույթի բովանդակությունը սահմանափակելու լիազորություն չունեք, նման լիազորություն չունի նաև ԱԺ նախագահը, որևէ մեկը նման լիազորություն չունի»,- հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը
- Կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա վարչապետը՝ իր անգործունակության պայմաններում ստեղծված խնդիրները չի կարող լուծել. Դավիթ Խաժակյան
- Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ