Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։
Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը: