
«Ժողովուրդ». Քարվաճառն այսօր հանձնվում է Ադրբեջանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով այսօր պետք է հանձվի ադրբեջանական կողմին:
Երեկ հայկական զորքերի շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, վերջին անգամ լուսանկարվել ու հրաժեշտ տվել: Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի տասի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը:
Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրել են իրենց տները: Իսկ Քարվաճառի և Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները: Քարվաճառում զինադադարի օրերին թալան և անտառահատումներ էին տեղի ունենում:
Առաջին անգամ հնարավոր եղավ տասը օրով հետաձգել Քարվաճառի հանձնումը հակառակորդին: Այն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնեց, թե պաշտոնական Երևանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին 10 օրով մինչև նոյեմբերի 25-ը Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար, և ադրբեջանական կողմը ընդառաջել է:
Այս պահին, սակայն, մենք տեղեկացանք, որ նման դիմում հայկական կողմից դեռևս առկա չէ, ինչը ենթադրում է, որ այսօր Քարվաճառն ամեն դեպքում կհանձնվի ադրբեջանական կողմին: Երեկ թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ արցախյան կողմը խուսափում էին խոսել Քարվաճառի շուրջ հնարավոր զարգացումներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է





