Տիկին Զոհրաբյան, տիկին Տոնոյան, փոխանակ հանգստացնեք՝ հրահրո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ տեղից բարձրաձայն արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես հիմա անվտանգության աշխատակիցներին կհրավիրեմ»,- Պետրոսյանին դիմեց նիստը վարող Ալեն Սիմոնյանը:
«Կանչի, չենք վախենում»,- արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:
«Կանչի չէ, այլ՝ կանչեք: Ուզում եմ, որ դահլիճում կարգ ու կանոն լինի»,- պատասխանեց Սիմոնյանը և հավելեց, որ պատգամավորներն իրենց ասելիքը կասեն ամբիոնից և կրկին հանդարտության կոչով դիմեց պատգամավորներին. «Հարգելի Բարգավաճի գործընկերներ, խնդրում եմ հանգստացրեք ձեր գործընկերոջը»։
Համազասպ Դանիելյանը շարունակեց իր ընդհատված խոսքը. «Երբ ֆրակցիայի ներկայացուցիչը խոսում է, թե ադրբեջանական մամուլում ով՝ ինչ հեղինակություն ունի, ես կարծում եմ, որ, ոչ թե այս ամբիոնից, այլ ընկերաբար, այդ ֆրակցիայի ներկայացուցչին կարող էիք ասել, թե՝ գիտես այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղն ես»:
Պատգամավորը նկատի ուներ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որի ժամանակ նա հայտարարել էր. «Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին»:
Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավեց. «Ամոթ ունեցեք, թողեք ռադներդ քաշեք»:
«Խնդրում եմ, մի հրահրեք կրքեր, մեր քաղաքացիները սրան արժանի չեն»,- հայտարարեց Սիմոնյանը և առաջարկեց անվտանգության աշխատակիցներին հրավիրել դահլիճ, ինչն արվեց վայրկյանների ընթացքում:
«Հանգիստ դահլիճում, Կարեն հետ արի, Սարուխանյան: Տիկին Զոհրաբյան, տիկին Տոնոյան, փոխանակ հանգստացնեք հրահրո՞ւմ եք»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տիկնանց դիմեց Ալեն Սիմոնյանը:
Նաիրա Զոհրաբյանը վրդովվեց, թե ինչո՞վ են բորբոքում:
«Ձեր այդտեղից բղավելով և մեջ ընկնելով»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը և դիմեց Գևորգ Պետրոսյանին. «Պարոն Պետրոսյան, խնդրում եմ հանգիստ ուղղակի, մարդկայնորեն խնդրում եմ՝ հանգիստ»:
Կրքերը հանդարտվելուց հետո Համազասպ Դանիելյանը շարունակեց. «Ականատես եղաք, որ կոնկրետ տրամադրություն կա այս նիստերի դահլիճում հրահրել բախումներ, այս արանքում ամեն տեսակի վիրավորանքներ լսվեց, չի լինելու դա, չի լինելու, ուժով չի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները