Նաիրա Կարապետյան. Հարցեր Արտաքին գործերի նորանշանակ նախարարին
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը գրում է.
«Հարցեր Արտաքին գործերի նորանշանակ նախարարին:
ԵԽԽՎ-ում աշխատած տարիների առիթ եմ ունեցել շփվելու Արա Այվազյանի հետ, և վստահ եմ, որ նրա արտահայտությունը, թե «ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, իսկ դիվանագիտության մեջ` ոչ», մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ, խնդրում եմ, կպատասխանեք, թե ինչը հանգեցրեց պատերազմի, մասնավորապես`
- ում կողմից և ինչի արդյունքում զրոյացվեց Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը,
- որ և ում կողմից արված արտահայտություններն այսաստիճան սանձազերծեցին թշնամուն (այո, թշնամուն, և ոչ` հակառակորդին),
- երբ և ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սկսեց դուրս մնալ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից,
- ում կողմից և ինչպես առաջ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծումը ստորադասվեց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար նախընտրելի լուծմանը` դիվանագիտական ամենաբարձր ամբիոններում և հանդիպումներում,
- ում կողմից և ինչի արդյունքում, և ամենակարևորը` ինչի դիմաց զրոյացվեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները, որոնց Ադրբեջանի համառ դիմացրության պայմաններում մենք հասել էինք Ապրիլյան պատերազմի մեր հաղթանակից հետո,
- երբ, ում կողմից և ինչպես փոխվեց հակամարտության տրամաբանությունը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից վերածվելով տարածքային վեճի,
- որն էր մեր պետական ռազմավարությունն ու մարտավարությունը Արցախյան հարցում, եթե, իհարկե, կար,
- ինչ վեկտոր էր ընտրել վերջին կառավարությունը արտաքին հարաբերություններում,
- և ի վերջո, ում կողմից և ինչպես փոշիացվեցին տարիների ընթացքում ստեղծված մեր ամուր հարաբերությունները ռազմավարական և բարեկամական գործընկերներ պետությունների հետ:
Սա հիմնական բովանդակային հարցեր են, որոնցից յուրաքանչյուրի տակ կան բազում ենթահարցեր:
Պարոն նախարար, խնդրում եմ, պատասխանեք այս հարցերին, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե ինչու սկսվեց պատերազմը, և որն էր մեր դիվանագիտական աշխատանքը: Եվ տեղեկացրեք ժողովրդին, որ դիվանագիտությունը միայն ԱԳՆ-ի գործառույթը չէ, միջազգային հարաբերությունների մասին երկրի ղեկավարի արված ցանկացած արտահայտություն և ելույթ դիվանագիտության անբաժան մաս է, եթե ոչ` հիմնական մաս:
Խնդրում եմ, պատասխանեք, այլապես ես ինքս կպատասխանեմ:
Եվ վերջում բարեկամական մեկ խորհուրդ, պարոն նախարար: Մեր ցավալի պարտությունը, այս խայտառակ և թաքուն ստորագրված փաստաթղթով մեր հայրենիքի մի մասի կորուստը, մեր հայրենակիցների ցավը` հազարավոր զոհվածների, անհետ կորածների, վիրավորների և պատերազմի գերիների ամենօրյա խոշտանգումների համար, մի կոչեք «ձախողում», դա կրկնապատկում է ցավը:
Սա ձախողում չէ, պարտություն է, թեև` պարտադրված, անակնկալ, խաբված և դավաճանված, բայց` պարտություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց
- Աշոտյանը՝ ԱԳ նախարարին. Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին