Թուրքիան արձագանքել է Եվրախորհրդարանին
Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև էր ընդունել, որով կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ Կիպրոսի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:
Անկարան Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական հանրապետության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը համարում է կանխակալ և իրականությունից կտրված: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ դիրքորոշումը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Ակսոյը:
«Մենք մերժում ենք Եվրախորհրդարանի բանաձևը մեր երկրի և ՀԿԹՀ-ի վերաբերյալ: Այս որոշումը, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով և ցույց է տալիս, թե Կիպրոսի հարցում Եվրախորհրդարանը որքանով է կողմնակալ և իրականությունից կտրված»,-ասել է Ակսոյը:
Ըստ նրա, նման դիրքորոշումը չի ծառայում ԵՄ շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը և Կիպրոսի խնդրի կարգավորմանը:
«Մենք առաջարկում ենք Եվրախորհրդարանին և ԵՄ-ին ընդունել Կիպրոսի իրողությունները և այնտեղ թուրքական համայնքի ներկայությունը, ինչպես նաև կատարել Կիպրոսի թուրքերի հանդեպ ԵՄ պարտավորությունները: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները»,- ավելացրել է Ակսոյը
Կիպրոսը 1974 թվականին թուրքական զինված ներխուժումից հետո բաժանվել է էթնիկ սկզբունքով: Օկուպացված էր կղզու տարածքի 37% -ը, որի վրա 1983-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Միայն Թուրքիան է ճանաչել այն: