Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող կառավարել, իշխել. «5-րդ ալիքի» տնօրեն
«Բնական է, որ այս կարգի քաղաքական գործիչները պետք է խուսափեն այն հարթակներից, որտեղ իրենց հետ նախապես պայմանավորված չեն հարցազրույցները, թե ինչի մասին պետք է խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները կամ այս Ազգային ժողովի հիմնական մասը պատրաստ չեն ոչ մի դիսկուրսի, ոչ մի տեսակի հարցազրույցի. «Հասկանում եք՝ իրենց այդ ամեն ինչը տրվել է օդից, հիմա իրենք վայելում են»։
Հարցին՝ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ձեր լրագրողին ասել էր, որ պատերազմն ավարտվի ձեր հալը կտեսնեք, ի՞նչ է եղել ձեր մոտ, Հ. Հարությունյանը պատասխանեց․ «Երկու գործ կա։ Մի գործով դիմեցինք դատախազություն, մակագրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Սա քրեական ուղղությամբ։ Երկրորդ գործն արդեն ընդունվել է վարչական դատարան, պահանջել ենք 840 հազար դրամի փոխհատուցում և տեղում այդ գումարը կփոխանցվի Զինվորի ապահովագրման հիմնադրամ։ Ինչո՞ւ 840 հազար դրամ։ Հաշվի ենք առել պատգամավորի աշխատավարձն ու մեկ ամսվա պարգևավճարը։ Սպասում ենք դատական պրոցեսին»։
Ինչ վերաբերում է հարցին, որ Նիկոլ Փաշինյանի և զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումն անցնում է առանց լրատվամիջոցների ներկայության, նա ասաց, որ դա աբսուրդ է, ծնողներին ստորաբար խաբել են՝ ասելով, որ եթե լրատվամիջոցները մասնակցեն, ձեր երեխաների համար վատ կլինի այն մյուս կողմում։
«Սա միտումնավոր ասված խոսք է, որ ծնողներին հանեն լրատվամիջոցներին դեմ։ Ծնողներին ստորաբար խաբում են, ինչպես խաբել են 2,5 տարի շարունակ բոլոր բնագավառների հետ կապված։
Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող կառավարել, իշխել։ Այսինքն, պետք է հասկանալ, իրենց ճշմարտությունը շատ հստակ է՝ սուտ։ Մովսես Հակոբյանն ասաց՝ 100 տոկոս սուտ է հրամցվել։ Բոլոր լրատվամիջոցներին պարտադրում էին այդ սուտը հրապարակել, եթե լրատվամիջոցը փորձում էր ինչ որ մի բան ճիշտ ներկայացնել, միանգամից ոստիկանությունն այցելում և տուգանք էր գրում»,- ասաց «5-րդ ալիքի» տնօրենը։
Նրա խոսքով, ամբողջ պատերազմի ընթացքում ականատես ենք եղել սուտ քարոզչության։
«Հիմա երբ Փաշինյանն ասում է՝ ասել ենք ճշմարտությունն ու վստահեք միայն կառավարության ասած ճշմարտությանը, մենք արդեն գիտենք... Ես չեմ հավատում նրանց ասած ոչ մի բառի»,- ասաց Հ. Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը և այլ լրատվամիջոցների խմբագիրներ այսօր այցելել էին կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Իրենց նպատակն է լռեցնել, հասարակությունը թմբիրից դուրս չգա, իրենք իրենց անելիքներն անեն. Սաթիկ Սեյրանյան
- Կիմ Բալայան. Փաշինյանը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև զոհերի
- Մովսես Հակոբյանը ցավակցել է 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանի եղբոր զոհվելու կապակցությամբ
- ԱԺ-ում պատգամավորը հարվածել է «5-րդ ալիքի» լրագրողի խոսափողին, հնչեցրել հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին. Հարությունյան