«Վերին էշոլոններում բազմած այրերի քաղաքական տհասությամբ մենք չկարողացանք ապահովել դիվանագիտական ներուժը»
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա: Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում... Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը...
Այս պատերազմում մենք պարտվեցինք ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ: Անհիմն են բոլոր այն պատճառաբանությունները, թե իբր մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ չէին նման լայնածավալ առճակատման և, որ հակառակորդի կողմից ներգրավված անհամեմատ մեծ ուժերին ու միջոցներին, այդ թվում թուրքական «Բայրաքթարներին» և սիրիական վարձկան գրոհայիններին անհնար էր դիմակայել մեր տրամադրության տակ եղած հնարավորություններով: Ո՜չ, մենք ունեինք և՜ ոգեպես հզոր ժողովուրդ, և՜ մարտունակ ու լավ սպառազինված բանակ, սակայն չունեինք այդ ժողովրդին ու բանակին գրագետ կառավարող ու առաջնորդող քաղաքացիական և ռազմական ղեկավարություն...
Մեր կառավարման վերին էշոլոններում բազմած այրերի քաղաքական տհասությամբ պայմանավորված մենք չկարողացանք ապահովել դիվանագիտական այն ներուժը, որն ընդունակ լիներ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել և գնալ իր շահի հետևից... Արդյունքում մենք մնացինք մեն-մենակ թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ և անկարող եղանք անել այն, ինչ կարող էինք անել մեր իրական ռազմավարական դաշնակցի հետ անկեղծ փոխհարաբերություն ունենալու դեպքում:
Հասկանանք, որ ժողովուրդն ու բանակն անկարող են ստանձնելու նման միջպետական փոխհարաբերություններ կառուցելու պարտականությունը, քանի որ դա երկրի քաղաքական ղեկավարության անօտարելի իրավունքն ու մենաշնորհն է, սակայն ազդել սեփական իշխանությունների վրա գնալ ճիշտ ճանապարհով՝ մենք կարող էինք ու պարտավոր էինք: Բայց դա չանելով՝ ստիպված էինք պարտվել ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան
- Ցավալի է՝ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...