Արցախից Հայաստան է բերվել 9600 գլուխ անասուն. ՍԱՊԾ նախագահ
«Արցախից բերվող կենդանիներին առաջին հերթին պատվաստում ենք դաբաղ հիվանդության դեմ, ապա արյուն ենք վերցնում բրուցելոզ հիվանդության ստուգում իրականացնելու համար։ Հոկտեմբերի 11-12-ից իրականացվող օպերատիվ միջոցառումները հնարավորություն տվեցին զերծ մնալ անասնահամաճարակներից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքներին։
Նրա խոսքով, մինչ օրս որևէ հիվանդ կենդանի չի բերվել Հայաստան։ Այս պահին էլ, ՍԱՏՄ ղեկավարի հավաստմամբ, միջոցառումները շարունակվում են, կենդանիները պատվաստվում են, և պետական պատվերի շրջանակում կպատվաստվեն նաև այլ հիվանդությունների դեմ.
«9600-ից քիչ ավելի գլխաքանակի մասին է խոսքը, որից 4500-ը՝ խոշոր եղջերավոր կենդանի է, 140 խոզ կա, 5000՝ մանր եղջերավոր կենդանի և 60 ձի»։
Ինչ վերաբերում է մսի իրացման ցանցին, ապա, ՍԱՏՄ ղեկավարը նշեց, որ հուլիսից սկսած ամեն ինչ արվում է, որ վաճառքում սպանդանոցային մորթի ենթարկված մսեղիք լինի։
«Կարող ենք ասել, որ Երևանի մեծ խանութներում և սուպերմարկետներում այդ հարցը լուծված է։ Այդ մասով պետք է ասել, որ միայն սպանդանոցային ծագման միս է վաճառվել։ Բայց ունենք խնդիր, որը կոչվում է բակային վաճառք, չգրանցված վաճառք, որը մեր վերահսկողությունից դուրս է, մենք իրավասություն չունենք այդ դեպքում որևէ քայլ անելու։ Միշտ կոչ ենք անում, որ փողոցում, մեքենաների թափքից վաճառվող մսեղիք չգնեն մարդիկ»,- նշեց Գեորգի Ավետիսյանը։
Թեև խնդիրն առկա է, և շարունակվում է մսի բակային վաճառքը, ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց՝ դեռ պարզ չէ, ինչպես է հնարավոր այդ հարցին լուծում տալ.
«Այս հարցը վերաբերում է ոչ միայն մսին, այլ նաև ձկանը, կաթնամթերքին, թռչնամսին։ Բացի այդ, մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը բավարար չէ, կարող են լինել խախտումներ։ Իսկ այն մարզերում, որտեղ կան սպանդանոցներ, ապա խնդիրը մեծամասամբ լուծված է։ Այնուամենայնիվ, անասնահամաճարակային վիճակն այս պահին կայուն է»։
Գեորգի Ավետիսյանը հիշեցրեց, որ 100 հազար դրամի չափով վարչական տույժ է նախատեսված այն խանութների նկատմամբ, որտեղ ոչ սպանդանոցային մորթի ենթարկված մսեղիք է վաճառվում։