Հիմքից պոկված, օդում կախված
Վերջին օրերին անընդհատ մի պատկեր է աչքիս առաջ. հիմքից պոկված մի հսկայական լեռնազանգված՝ հողին դեռևս կպած բարակած-մաշված արմատներով տարուբերվում է օդում․․․ Հայաստան աշխարհն է։
Երկու տասնամյակներում կաթիլ-կաթիլ ներարկած թույնից թուլացած արմատները պոկվեցին 2 տարի 8 ամիս տևած կազմաքանդման, 44 օր երկարաձգած անհեռանկար պատերազմի և նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարության արդյունքում։ Ստորագրություն, որը թշնամուն տվեց շատ ավելին, քան նա կարող էր երազել։ Արցախի տարածքի 73 տոկոսի հանձնումը կտրատեց մեր ամրության արմատները։ Եվ դեռ անհայտ է, թե ուր կքշեն մեզ դավաճանական քամիները։
Թողնենք մի կողմ, թե ինչպես հասանք սրան, քանի որ նմանատիպ սցենարների մասին երկուսուկես տարի ահազանգում-զգուշացնում էին պետականասեր ու հայրենասեր մարդիկ (բայց երևի թե կատարվածի հրեշավոր մասշտաբները ոչ մի նորմալ մարդու մտքով չէր անցնում)։ Հիմա մտածենք, թե ինչ անենք, որ վերականգնելով մեր վնասված արմատները՝ վերստին միաձուլվենք մայր հողին։
Նախ երևի պետք է կարծրանալ, մի կողմ դնել մեր զգամունքայնությունը և « բա ի՞նչ կմտածեն ուրիշ պետությունները» մտայնությունը։ Տեսանք, թե նրանք ինչպես են վերաբերվում Արցախի խաղաղ բնակչության հրթիռակոծմանը, կամ էլ լռելյայն հանդուրժում Էրդողանի ցինիկ հոխորտանքները։ Փորձենք վերջապես հասկանալ՝ ո՞րն է մեր մեծագույն սխալը, բացթողումը, սպրդումը՝ պետականություն չպահպանելու հարցում։
Տիգրան Մեծի ժամանակներ չհասնենք, բայց գոնե հասկանանք մեր սերնդի մեծագույն պարգև անկախ պետությունը վերահաս կորցնելու պատճառները ։ Հաստատակամ տեր լինելու փոխարեն ինչու օտարածին ստահակների կեղտոտ ձեռքերում թողեցինք պետության ղեկը։ Այդքանով հանդերձ, գոնե կարո՞ղ ենք այս անգամ անհրաժեշտ պատժի արժանացնել դավաճաններին իրենց կենդանության օրոք, ոչ թե միայն սևով գրված անունը թողնենք պատմության մեջ։
Կարծրանալ անհրաժեշտ է նաև տարածքային, մարդկային, նյութական կորուստների և հոգեկան խեղումների աստիճանաբար բացահայտվող չափերին դիմանալու համար։ Ասում էին՝ Ալիևի՞ն է հա սպառնում ներքին բունտ, երբ իրենց բնակչությունն իմանա իրական կորուստների մասին։ Հիմա Ադրբեջանում տրիումֆ է․․․ այդ Հայաստանո՛ւմ են դավադիր ղեկավարին հեռացնելու չդադարող բողոքները, անտերությունը, ցավը, սուգը։
Բայց եթե հիմա թուլանանք ու կուլ գնանք անտանելի ցավին՝ նորից կընկնենք զոհի բարդույթի մեջ, որից հոգեբանորեն դուրս էինք գալիս Ցեղասպանության 100-ամյակից հետո։ Առանց այդ էլ մեր հասարկությունն արդեն հիվանդ է ներքին թշնամանքով, պետք է առողջացման ուղիներ փնտրել, ոչ թե ավելի խորացնել վիշտ ու կսկիծով։ Ապագա իշխանությունների առաջնահերթություններից է լինելու հասարակության բարոյահոգեբանական ախտահարված վիճակն ապաքինելը։
Դրա համար երևի նպատակահարմար կլինի առաջիկա երկու տարում մի կողմ դնել ժողովրդավարության ինչ-ինչ ձևական հասկացություններ, և ապավինել միայն ազգասեր ու պրոֆեսիոնալ կառավարիչներին։ Իսկ կառավարման փորձագետներն ու սահմանադրագետները կգտնեն ապազգային գործունեությամբ երկիրը կործանելուն նպաստած ՀՀ նախագահի, խորհրդարանի և կառավարությանը իշխանությունից հեռացնելու ձևը․․․ Ի վերջո, մեր այսօրվա վիճակը կոլեկտիվ դավաճանության արդյունք է, և ոչ ոք չպետք է պատժից փախչի։
Իսկ այսօր պետք է կալանավորել գերագույն դավաճանին և ստիպել նրան խոստովանել, թե դեռ ինչ բանավոր ու գրավոր խոստումներ է տվել թշնամիներին։ Չիմանա՞նք, թե օր օրի ադրբեջանաթուրքերի մեծացող ախորժակն ինչ հիմնավորումներ ունի։ Չունենք ոչ մի երաշխիք, որ հայրենիքի մի մասը ծախածը ամբողջն էլ չի ծախել։ Օր առաջ ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր բուն գործով և մեկուսացնի գլխավոր հայրենադավին իր հանցակիցների հետ միասին, քանի որ արդեն ակնհայտ է, որ հրաժարականի և իշխանությունն անցնցում փոխանցելու կոչերը միշտ դեմ են առնելու ոստիկանական պատին։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Դարի դավաճանությունը
- Համատարած անտերություն
- Մենք ու աշխարհը
- Նոր աշխարհ, նոր ճանապարհ Հայաստանի
- Հուդաների ժամանակը
- Երբ ցինիզմն է գերիշխում