Պարտությունը բավարար հիմնավորում չէ հրաժարականի համար. իմքայլական պատգամավոր
«Չեմ կարծում, որ խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Նրա խոսքով, այժմ երկրում պայթյունավտանգ իրավիճակ չկա. «Մեր հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք մեզ համար հետաքրքիր է լսել, հասկանալ խնդիրն ինչում է, իսկ ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Դրա հիմնավորումների հետ մենք որևէ ձև համաձայն չենք»:
Ըստ պատգամավորի, պատերազմում կրած պարտությունը հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ, քանի որ, նրա պնդմամբ, պարտությունը բոլորինն է, ընդդիմություն էլ է եղել իշխանության հետ։
Վահե Ղալումյանը նշեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը պետք է դիտարկել այդ օրվա իրադրության համատեքստում:
«Իմ կարծիքով՝ ոչ մի քաղաքական ուժ դեռ չի ասել, որ չպետք է ստորագրվեր»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ներսում հնարավոր տարաձայնություններին, ապա Վահե Ղալումյանն վստահեցրեց, որ առանձին հարցերի շուրջ տարաձայնություններ միշտ եղել են, խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է և կողմ է Նիկոլի Փաշինյանի առաջիկա 6 ամիսների վերաբերյալ ճանապարհային քարտեզին. «Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել»։
Իմքայլական պատգամավորի խոսքով, վարչապետի ներկայացրած այդ ծրագրից հետո Կառավարությունը նշել է, որ պետք է վերագնահատի իրավիճակը և որոշում կայացնի՝ հետագա անելիքների հետ կապված.
«Ես ո՛չ հաստատում, ո՛չ բացառում եմ, որ դրանից հետո կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Մենք ԱԺ նախագահի հետ մեկ անգամ ենք հանդիպել, ընդհանուր քննարկում ենք ունեցել, բայց այս հարցին չենք անդրադարձել։ Մենք վարչապետի հրաժարականի օրակարգ չունենք, հետևաբար՝ վարչապետի թեկնածու չունենք»։
Ըստ Վահե Ղալումյանի, վարչապետին դավաճան կամ հող հանձնող համարելն ուղղակի անլուրջ է։
«Ես համաձայն չեմ, որ Հայաստանում կա նման մարդ, որ հավատում է, որ մեր վարչապետը կարող է դավաճանել»,- նշեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ իրենք պետք է մնան, ժողովրդի իշխանությունը պահեն, օրակարգային հարցերը լուծեն, 6 ամիս հետո իրավիճակը գնահատեն և որոշեն հետագա անելիքները.
«Այսօր մեր երկրին պետք է կայունություն և անվտանգություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՕԿ անդամ. Հրավիրել ՓՊ խորհրդի նիստ և քննարկել Փաշինյանի անհապաղ հրաժարականի մասին հայտարարության հարցը
- Independent. Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը. Վանեցյան
- Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող իջևանցիներին