Իմքայլականներն ուզում են Նաիրա Զոհրաբյանին հեռացնել ՄԻ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից։
Ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ պարզ է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն։
Իշխող խմբակցությունը որոշ գրառումներ է մեջբերել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից, որոնք ըստ խմբակցության՝ արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ։
Ըստ այդմ, կառավարող ուժը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։