ԱՄՆ-ը MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ-ներ և զինվորականներ է տեղակայել Ռումինիայում
MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մոտ 90 զինծառայողներ են առաջիկա մի քանի ամիսների համար տեղակայվել Ռումինիայի Կիմպիյա-Տուրզիի (երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Կլուժ շրջան) գեներալ Էմանոիլ Իոնեսկուի 71-րդ ավիաբազայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ չհստակեցնելով անօդաչու թռչող սարքերի քանակը:
«ԱՄՆ-ի զինված ուժերը կկատարեն տեղեկատվության հավաքման, հսկողության և օդային հետախուզական առաքելություններ՝ աջակցելով ՆԱՏՕ-ի գործողություններին: Ռումինիայի օդուժը նրանց տեղակայման ողջ ժամանակահատվածում գեներալ Էմանոիլ Իոնեսկուի անվան ավիաբազայի միջոցով կտրամադրի անհրաժեշտ տեխնիկական, գործառնական և նյութատեխնիկական աջակցություն այդ խնդիրների կատարման համար»,-հայտնել են Ռումինայի պաշտպանական գերաեսչությունից:
«Երկրի տարածքում ամերիկյան դաշնակիցների առկայությունը հնարավորություն կտա մշակել, փորձարկել համատեղ գործողություններ և գնահատել մարտունակությունը, որոնք երկու կողմերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման կարևորագույն տարրերն են: ԱՄՆ-ի և Ռումինիայի համագործակցությունը օգնում է ամրապնդել հավաքական պաշտպանության կարողությունները և բարելավել տարածաշրջանային անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ ռազմական օդաչուները մշտապես գտնվում են 71-րդ ավիաբազայում: Ինչպես գրում է hotnews.ro կայքը, ԱՄՆ-ը մտադիր է ավելի քան 130 միլիոն դոլար ներդնել բազայի արդիականացման համար: Դա 2021 թվականին ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական ներդրումն է Եվրոպայում: Կիմպիյա-Տուրզիի բազան ծառայելու է որպես տարանցիկ հանգույց հարավ-արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գործողությունների համար:
MQ-9 Reaper- ը արտադրվում է General Atomics Aeronautical Systems- ի կողմից: Նրա քաշը 2.22 տոննա է, թռիչքի տիրույթը՝ 1850 կմ, առավելագույն բարձրությունը՝ 15,240 մ, իսկ առավելագույն արագությունը՝ 370 կմ/ժ: Անօդաչուն, որը հագեցած է չորս շեղբավոր պտուտակով, նախագծված է հայտնի MQ-1 Predator մոդելի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ