Մալաթիայում գողացել են ԱՊՊԱ գործակալության համակարգիչները
Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու փողոցում գործող ավտոապահովագրման գործակալություններից մեկի գրասենյակից համակարգիչներ են գողացել։
Ոստիկանությունից մանրամասնում են, որ հունվարի լույս 5-ի գիշերը, ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։
Ահազանգի հետքերով մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում հայտնաբերել է ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի։
Հետագա միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ բերման ենթարկվածն ազգականի հետ Րաֆֆու փողոցում գործող ավտոապահովագրման գործակալություններից մեկի գրասենյակից համակարգիչներ է գողացել։ Բացատրական աշխատանքի արդյունքում մյուս երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին ու ևս խոստովանական բացատրություն տվել։
Հետագա միջոցառումներով Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը, որը թաքցված էր չշահագործվող միկրոավտոբուսում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
`