«Անգղերի ռեստորան»` Հայաստանում
Հայաստանում հանդիպում է անգղերի չորս տեսակ, որոնք ներաառված են Կարմիր գրքում՝ մորուքավոր, սպիտակագլուխ, սև և գիշանգղ տեսակները։ «Արավես» ՀԿ -ի բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր, անգղերի գլխաքանակն էականորեն կրճատվել է և վերոնշյալ տեսակների խիստ պահպանության կարիք է առաջացել։
«Չորս տեսակների գլխաքանակն էլ պակասել է ՀՀ-ում, պատճառները տարբեր են, հիմնականում բնական կերի պակասը, որսագողությունը, քիմիական միջոցներով թունավորումը և այլն։ Անգղերը Հայաստանի ամենամեծ թռչուններից մեկն են։ Այս գիշատիչներից որսագողերից շատերն ուղղակի ցանկանում են խրտվիլակներ ունենալ տանը, մի մասն էլ մտածում է, որ հնարավոր է վարժեցնել անգղերին և օգտագործել որպես արծիվներ»,- ասաց Հովհաննիսյանը։
Մասնագետի խոսքով՝ անգղերը հաճախ զոհ են դառնում հենց կեր հայթայթելու ընթացքում։ Հատկապես ձմռան ամիսներին կերի սղություն է և հավելյալ կերակրման կարիք է առաջանում։
Ծովինար Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, Հայաստանում ևս շրջանառության է դրվել «անգղերի ռեստորանի» գաղափարը։
««Անգղերի ռեստորանն» ի սկզբանե միտված է ձմռան ընթացքում կամ ողջ տարվա ընթացքում թռչուններին հավելյալ սնունդ տրամադրելուն։ Անգղերը լեշակեր են և ձմռան ամիսներին կերի խնդիր է առաջանում։ Մինչդեռ անգղերի որոշ տեսակներ բնադրում և ձվադրում են հենց ձմռանը, հետևաբար ձագերի կերակրման խնդիր է առաջանում։ Սա է պատճառը, որ աշխարհում նման գաղափար է առաջացել ստեղծել անգղերի արհեստական կերակրման վայր, որն ավելի գեղեցիկ հնչում է՝ «անգղերի ռեստորան»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանում մեկ նման վայր արդեն ընտրվել է։ Իհարկե Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե որտեղ է այն՝ ելնելով թռչնատեսակների անվտանգությունից, սակայն ընդգծեց, որ նախատեսվում է տարածքների ընդլայնում։ Բնապահպանական ծրագրերի պատասխանատուն նաև նշեց, որ ցանկության դեպքում, քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել անգղերի կերակրման գործընթացին։
«Օրինակ՝ գյուղացիները կարող են գայլերի հարձակումից տուժած կենդանիներին տրամադրել ՝ որպես կեր։ Իսկ քաղաքաբնակները կարող են աջակցել կազմակերպությանը՝ սննդի գնման հարցում»,- նշեց ՀԿ ներկայացուցիչը։
Ինչպես արդեն նշվեց, անգղերը հիմնականում սնվում են լեշով։ Սակայն հարկ է ընդգծել, որ այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի այդ թռչնատեսակների ոչնչացումը ֆլորայի և ֆաունայի համար մեծ ռիսկեր է պարունակում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին