Պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա. Աննա Գրիգորյան
«Ես ցանկանում եմ երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չեմ տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չեմ սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով պատգամավորի լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո դուրս է եկել իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։
Հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան, նորանշանակ պատգամավորն պատասխանեց՝ նախ ասելով, որ իր կարծիքով պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա:
«Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ, այդ առումով կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ ընտրություններ կազմակերպելուց»,- նկատեց պատգամավորը։
Ըստ Աննա Գրիգորյանի, անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Միևնույն ժամանակ, պատգամավորը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է՝ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:
Հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝ Աննա Գրիգորյանը պատասխանեց՝ չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման:
«Առավել ևս՝ չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,- նշեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանի կարծիքով, հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձը, Արցախի կարգավիճակը հարցն ու Հայաստանի սահմանների՝ մասնավորապես Սյունիքի անվտանգությունն է։
«Այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը: Ուստի այս իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ արձանագրելու»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ