Վիրավորների պրոթեզավորման նոր կարգը կառավարությունում չքվեարկվեց
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ զեկուցելով «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին հարցը:
Նախարարի խոսքով, գործող կարգավորումներով պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարությանը, բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից նրանց տրվում է հավաստագիր, և իրականացվում է պրոթեզավորում, բայց առկա կարգավորումները և այն չափանիշները, որոնք սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:
Ըստ Առաքելյանի, նոր կարգավորումներով պրոթեզավորման կարիք ունեցող պատերազմի մասնակիցների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին առավելագույն համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Նար խոսքով, որոշմամաբ առաջարկվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում արտերկրից հրավիրված մարդկանցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հավաստիացմամբ՝ հաշվի է առնվելու, թե պրոթեզավորման կարիք ունեցող մարդն ինչ մասնագիտություն ունի և պրոթեզի կիրառման անհրաժեշտությունն անհատական կարիքների գնահատման միջոցով է իրականացվելու:
Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօր չքվեարկել, այլ հաջորդ օրն ընդունել՝ գրավոր քվեարկությամբ:
«Կիրառման կարգերի հետ կապված էական փոփոխությունների կարիք կա իր ձևի մեջ»,- հայտնեց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ծախսել էր համաճարակի դեմ պայքարի համար
- Կառավարությունը մերժեց չքննարկվող հարցը քննարկվող դարձնելու նախարարի առաջարկը