«Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, որը գործել է ՀՀ-ի դեմ. պատգամավորը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
«Պարո՛ն Խաչատուրյան, Ձեր եղբայրը ՀՔԾ ղեկավարն է. այսօր մեծ թվով քրեական գործերի քննություններ են ընթանում, որոնք դատարանում հաճախ ունենում են քննչական ծառայության համար ոչ հաճելի վախճան։ Եթե հիմնավորված գործեր չեն գնում դատարան, ի՞նչ են ուզում դատավորներից»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին։
Պատասխանելով հարցին՝ ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց՝ փաստը, որ մի եղբայրը կարող է լինել ԲԴԽ անդամ, իսկ մյուսը՝ ՀՔԾ-ի պետ, ինքնին շահերի բախում չի առաջացնում։
Բացի այդ, Թագուհի Թովմասյանը նշեց, որ Դավիթ Խաչատուրյանը երկար տարիներ աշխատել է «Բաց հասարակության հիմնադրամում», ինչը բացասաբար է անդրադարձել ԲԴԽ անդամի թեկնածուի վարկանիշի վրա։
«Դուք, ըստ էության, կատարել եք բազմաթիվ պատվերներ, և բազմիցս հնչել են կարծիքներ, որ «Սորոսի» հիմնադրամը գործել է ընդդեմ ՀՀ-ի։ Կուզեի, որ հստակ այստեղ ասեք, որ դուք գործելու եք հանուն ՀՀ-ի»,- նշեց նա։
Ի պատասխան, Դավիթ Խաչատուրյանն ասաց՝ ինքը գործելու է բացառապես հանուն ՀՀ-ի։
«Բայց այդ իմ հայտարարությունը չի նշանակում, որ ես որպես փաստացի իրողություն եմ ընդունում, որ «Բաց հասարակության հիմնադրամը» որևէ այլ գործողություն է իրականացրել։ Դուք էլ Ձեր հարցում նշեցիք, որ խոսակցություններ են դրանք, և դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում։ Այդ խոսակցությունները չեն ազդում իմ վրա։ Բալզակը մի խոսք ունի, ասում է՝ ինչպես հազար ճագարից չես կարող մի ձի ստանալ, այնպես էլ՝ հազար կասկածից մի ապացույց չես կարող ստանալ։ Այնպես որ, շատ մարդիկ կարող են շատ բաներ ասել։ Եթե անգամ օրը հազար հոգի ասի, որ այդ հիմնադրամը հակապետական գործունեություն է ծավալում, դրանից մի ճշմարտություն դուրս չի գա»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա մտել ենք կաստայական կորպորատիվ ավտարկիայի մեջ. Դավիթ Խաչատուրյան
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին