ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ․ Ժան-Բատիստ Լեմուան
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասաց Լըմուանը:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին, ասաց․
«Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը: Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»։