Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև.
Այս տարի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայկական վիրտուալ կամուրջը» ծրագիրը ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են: Նախարարությունից տեղեկացնում են, որ նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի օգոստոսի 3-ին: Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:
Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով:
Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ. Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ: Իսկ աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ: