Մովսես Դեմիրճյան. Մեր հիմնախնդիրը ազգային էլիտայի բացակայությունն է
ԵՊՀ դոցենտ, փիլիսոփա Մովսես Դեմիրճյանը գրում է.
«Մեր պետության ամենամեծ խնդիրը ո՛չ ռեսուրսների պակասն է, ո՛չ տարածաշրջանի յուրահատկությունները, ո՛չ էլ, ենթադրենք, դեմոգրաֆիան կամ արտագաղթը։
Մեր հիմնախնդիրը ազգային էլիտայի բացակայությունն է։ Դրա հետևանքներից է ազգային-պետական գաղափարախոսության բացակայությունը։ Իսկ եթե չկա ազգային-պետական գաղափարախոսություն, մարդիկ և սոցիալական ինստիտուտները (բանակ, տնտեսություն, պետություն և այլն) գործում են ոչ արդյունավետ։ Օրինակ, տարիներ շարունակ պետական հատվածում ստեղծվում են ավելորդ աշխատատեղեր, որոնց միջոցով լուծվում է սոցիալական խնդիր՝ մարդիկ, գրեթե ոչ մի օգուտ չտալով հասարակությանը, ստանում են աշխատավարձ, որպեսզի չլքեն երկիրը կամ չդառնան ընդդիմադիր։ Հարկատուի հաշվին իշխանությունը լուծում է իր վերարտադրության խնդիրը։
Եթե լիներ ազգային էլիտա, որը կստեղծեր ու կտարածեր (իշխանությանն էլ՝ կպարտադրեր) ազգային-պետական գաղափարախոսություն, այս իրավիճակը չէր լինի։
Ազգային էլիտայի դարբնոց կարող էր լինել մեր բանակը։ Բայց պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ հայկական երկու պետությունների զինված ուժերի վերևներում չգտնվեցին մարդիկ, ովքեր կկասեցնեին իրերի ընթացքը, կմեկուսացնեին ոչ հայանպաստ որոշումներ կայացնողներին և տեր կկանգնեին իրավիճակին։ Դրա համար անհրաժեշտ էր ունենալ ազգային-պետական մտածողություն և լինել համախատասխան գաղափարախոսության կրող, բայց պարզվեց, որ շարքային զինվորներն ու կամավորներն են ավելի շատ այդ գաղափարի կրողը։
Ազգային էլիտայի դարբնոց կարող էր լինել մեր եկեղեցին։ Հանուն պետության և հասարակության անձնազոհության գնացին բազմաթիվ հոգևորականներ, բայց նրանք, ովքեր կարող էին փոխել իրերի ընթացքը և վերցնել պատասխանատվություն պետության ապագայի համար, սահմանափակվեցին իշխանությանը կոչեր հղելով։
Ազգային էլիտայի դարբնոց կարող էր լինել նաև կրթության և գիտության համակարգը։ Բայց ցածր վարձատրությունը (ինչի պատճառով այս ոլորտի մարդիկ ստիպված են աշխատել երկու տեղ կամ փնտրել եկամտի այլ աղբնուր) և կրթական հաստատությունների՝ իշխանությունների հետևողական վերահսկողությունը թույլ չտվեցին, որ այստեղ ձևավորվի ազգային-պետական մտածողություն ունեցող մարդկանց խումբ, որը գոնե իր ոլորտին առնչվող որոշումների ընդունման վրա ունենա ազդեցություն։
Բայց դրանից ոչինչ չի փոխվում․ մեզ միևնույն է անհրաժեշտ է գիտական, կրթական, տնտեսական, քաղաքական, ռազմական ազգային էլիտա»։