Այվազյանն ու Լըմուանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին
Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել են Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը, ներառյալ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում թիրախային նոր ծրագրերի իրականացման, ներդրումային նոր հնարավորությունների դիտարկման միջոցով։
Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Այվազյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ անկողմնակալ դիրքորոշում և գնահատական հայտնելու համար»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։