Երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում աջակիցներին դատարանի դիմաց ակցիա չանել
Այսօր՝ ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։
«Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին և թիմակիցներին դատարանի շենքի դիմաց բողոքի միջոցառում չանցկացնել։ Կարծում եմ, այդ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, և պետք չէ այս ցուրտ եղանակին վտանգել առողջությունը՝ դա ևս մեկ անգամ արձանագրելու համար»,-ասել է Միկոյանը։
Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 22-ի դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանն ինքը դատարանի բակում հավաքված աջակիցներին դիմեց՝ ասելով․
«Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով»։