Դասադուլ՝ Գյումրիի թիվ 25 դպրոցում
Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողներն այսօրվանից՝ ի նշան բողոքի, հրաժարվել են երեխաներին դպրոց տանել։ Նրանք այս մասին երեկ նախազգուշացրել էին նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։
aravot.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասել է, որ երեխաներին դպրոց չեն տանի այնքան ժամանակ, մինչև լսելի կդառնա իրենց բողոքը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կվերանայի Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու իր որոշումը։
Թե՛ դպրոցի անձնակազմի, թե՛ ծնողների բողոքը կապված է տնօրենի պաշտոնում այս դպրոցի հետ առնչություն չունեցող Իրինա Բաղդասարյանին նշանակելու հետ։ Նրանք պահանջում են տնօրեն նշանակել նույն դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որը մրցույթում երկու ձայն ավելի է հավաքել Իրինա Բաղդասարյանից։
Այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել նույն դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը և Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։ Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն (Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, Իրինա Բաղդասարյանի՝ 2 ձայն), ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։ Տիգրան Ավինյանն էլ նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։
aravot.am-ը գրում է, որ ծնողները պնդում էին՝ կատարվել է հովանավորչություն․ Տիգրան Ավինյանը պաշտոնի է նշանակել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը։ Ու չնայած իրենք նախքան նշանակումը նամակ էին հղել այդ նույն փոխվարչապետին՝ հորդորելով հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն վերջինս անտեսել է։